Վենսան Կոմպանի․ «Ես հազվադեպ եմ այսչափ զայրացած լինում ընդմիջման ընթացքում»

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին խորը զայրույթ է հայտնել թիմի առաջատար կիսապաշտպան Ջամալ Մուսիալայի ստացած վնասվածքի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է գերմանական Kicker պարբերականը։

Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում «Բավարիան» 0։2 հաշվով պարտվել էր «ՊՍԺ»-ին։ Առաջին խաղակեսի վերջում 22-ամյա Մուսալան տուգանային հրապարակում բախվել էր մրցակից դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի հետ։ Բախման արդյունքում ֆուտբոլիստի ձախ ոտքը ծռվել էր անբնական դիրքով։ Նա անմիջապես տեղափոխվել էր հիվանդանոց։

Bild-ի տեղեկություններով՝ Մուսիալայի մոտ ախտորոշվել է ձախ սրունքոսկրի կոտրվածք։ Նախնական կանխատեսմամբ՝ կիսապաշտպանը բացակայի 4–5 ամիս։

«Դա շատ ծանր պահ էր։ Ես հազվադեպ եմ այսքան զայրացած լինում ընդմիջման ընթացքում։ Գիտեմ՝ կյանքում ավելի կարևոր բաներ կան, բայց այս տղաների համար ֆուտբոլը կյանք է։ Ջամալը ապրում է ֆուտբոլով։ Նա նոր էր վերականգնվել վնասվածքից, և հիմա սա տեղի ունեցավ։ Նման պահերին անզորություն ես զգում,» – ասել է Կոմպանին։