ՈւԵՖԱ-ի ակումբների ֆինանսական վերահսկման պալատը (CFCB) խիստ տուգանքներ է սահմանել մի շարք եվրոպական ֆուտբոլային ակումբների նկատմամբ՝ ֆինանսական կանոնները խախտելու համար։
Լոնդոնյան «Չելսին» խոշոր տուգանքի է արժանացել՝ ընդհանուր առմամբ մինչև 80 միլիոն եվրո տուգանքի տեսքով, որից 20 միլիոնը վճարվելիք գումար է, իսկ մնացածը պայմանավորված է 4 տարվա ընթացքում կոնկրետ ֆինանսական պահանջների կատարմամբ։ «Չելսին» ստիպված է վճարել նաև հավելյալ 11 միլիոն եվրո՝ կազմի ծախսերի սահմանաչափը գերազանցելու համար։
«Բարսելոնան» ևս ունի մինչև 60 միլիոն եվրոյի տուգանք, որն ուժի մեջ կլինի 2 տարվա ընթացքում։ Ֆրանսիական «Լիոնը» պետք է վճարի մինչև 50 միլիոն եվրո և համաձայնել է չմասնակցել ՈւԵՖԱ-ի 2025/26 մրցաշրջանի մրցաշարերին, եթե թիմը իջեցվի Լիգա 2։
«Ասթոն Վիլան» և «Հայդուկը» նույնպես ենթարկվել են ֆինանսական պատժամիջոցների՝ համապատասխանաբար մինչև 20 միլիոն և 1.2 միլիոն եվրոյի սահմաններում։
ՈւԵՖԱ-ն նշում է, որ այս միջոցները անհրաժեշտ են ֆինանսական արդար խաղի կանոնների խախտումները կանխելու և մրցակցության հավասար պայմաններ ապահովելու համար։