81 տարեկան հասակում երեկ մահացավ Երևանի «Արարատի» լեգենդար ավագներից Ռուդիկ Եղիազարյանը, ով լույս աշխարհ էր եկել 1944 թվականի հունիսի 14-ին՝ Լենինականում: Գյումրեցի ֆուտբոլիստի առաջին թիմը տեղի «Շիրակն» էր, որտեղ երկու տարի անցկացնելուց հետո 1964 թվականին Եղիազարյանը տեղափոխվել էր Երևանի «Արարատ», որի հետ հաջորդ տարի ԽՍՀՄ Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունք էր նվաճել, ուր «Արարատի» մարզաշապիկով նա մասնակցեց 107 խաղի՝ դառնալով 6 գոլի հեղինակ: 1965-ին ստացել է փոքր ոսկե մեդալ՝ ԽՍՀՄ Բարձրագույն խումբ մտնելու համար: 1966-71թթ. Եղիազարյանը եղել է «Արարատի» ավագը:
1971 թվականի ամռանը Եղիազարյանը տեղափոխվել էր Դոնեցկի «Շախտյոր», որի կազմում մասնակցած 11 խաղում մեկ գոլ էր հեղինակել, իսկ հաջորդ տարի 8 խաղ անցկացրեց ԽՍՀՄ Առաջին խմբում հանդես եկող Դուշանբեի «Պամիրում» և 28 տարեկան հասակում ոտքի երեք վիրահատություններից հետո ավարտեց ֆուտբոլային կարիերան:
Ֆուտբոլը թողնելուց հետո նա աշխատել է որպես ֆուտբոլի դպրոցի տնօրեն, ուր հաճախել է նաև Համլետ Մխիթարյանը, իսկ հետագայում եղել է Երեւան քաղաքի կանաչապատման վարչության պետ և գյուղնախարարության շինարարական իրերի կոմբինատի տնօրեն:
Ռուդիկ Եղիազարյանի հոգեհանգիստն այսօր է՝ Կարմիր բլուրի սգո սրահում, իսկ վերջին հրաժեշտը վաղը՝ հուլիսի 4-ին, ժամը՝ 13:00-ին:
«Պրոֆֆուտբոլի» ողջ խմբագրակազմը ցավակցում է Ռուդիկ Եղիազարյանի հարազատներին և ընկերներին՝ լեգենդար ավագի մահվան կապակցությամբ: