Լիոնել Մեսսի․ «Ես և Կրիշտիանու Ռոնալդուն ընկերներ չենք, բայց․․․»

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պատմական մրցակցության մասին։

«Ես մեծ հարգանք և հիացմունք ունեմ Կրիշտիանու Ռոնալդուի և նրա կարիերայի նկատմամբ, որը նա ստեղծել և շարունակում է ստեղծել։ Նա դեռևս խաղում է ամենաբարձր մակարդակով։

Նրա հետ մրցակցությունը միայն խաղադաշտում էր։ Մեզանից յուրաքանչյուրը ցանկանում էր ամեն ինչ անել մեր թիմի համար։ Ամեն ինչ մնում էր խաղադաշտում։ Խաղադաշտից դուրս մենք երկու սովորական տղաներ ենք։ Մենք ընկերներ չենք, քանի որ միասին ժամանակ չենք անցկացնում, բայց միշտ մեծ հարգանքով ենք վերաբերվել միմյանց», – Մեսսիի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մեսսին և Ռոնալդուն հաճախ էին հանդիպում խաղադաշտում, երբ խաղում էին համապատասխանաբար «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» կազմում Իսպանիայի առաջնությունում։