«Նապոլին» պատրաստվում է խոշոր տրանսֆերներ կատարել

«Նապոլին» պատրաստ է պայմանագիր կնքել «Լիվերպուլի» երկու հարձակվողների՝ Դարվին Նունյեսի և Ֆեդերիկո Կիեզայի հետ։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը՝ հղում անելով La Repubblica-ին։

Աղբյուրի տվյալներով՝ «Լիվերպուլը» ցանկանում է Նունյեսի և Կիեզայի հնարավոր վաճառքից ընդհանուր առմամբ 105 միլիոն եվրո վաստակել։ «Նապոլին» կարող է համապատասխան առաջարկ անել «մերսիսայդցիներին» հաջորդ շաբաթ։ Թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն անձամբ հետաքրքրված է այս ֆուտբոլիստների տրանսֆերով։

Կիեզան «Լիվերպուլ» է տեղափոխվել 2024 թվականի ամռանը։ Նա անգլիական թիմի կազմում անցկացրել է 14 հանդիպում, կատարել երկու գոլ և երկու գոլային փոխանցում։

2024/25 մրցաշրջանում Նունյեսը մասնակցել է 47 հանդիպման բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է յոթ գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։