Կարեն Մելքոնյան․ «Յուրաքանչյուր ֆուտբոլիստ անցնում է ինչ-որ ճանապարհ՝ իր նպատակի համար»

Այս անգամ զրուցել ենք «Ուրարտուի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կարեն Մելքոնյանի հետ։

Հիշեցնենք, որ Կարեն Մելքոնյանը «Ուրարտուի» սան է, նա իր նորամուտը նշել է 2017 թվականի մարտի 4-ին՝ «Ալաշկերտի» դեմ խաղում։ Ֆուտբոլիստն ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ուրարտուի» կազմում։ 2022 թվականին Մելքոնյանը «Ուրարտուի» կազմում դարձավ Հայաստանի գավաթի արծաթե մեդալակիր։ Մեկ տարի անց՝ նրա գոլի շնորհիվ, «Ուրարտուն» դարձավ Հայաստանի գավաթակիր, ինչպես նաև հռչակվեց Հայաստանի չեմպիոն։

– Ինչպե՞ս սկսեցիք ձեր ֆուտբոլային ճանապարհը։ Ի՞նչն է ձեզ մղել ֆուտբոլիստ դառնալու։

– Ֆուտբոլի հանդեպ սերս եկել է փոքրուց՝ բակից։ Ես շատ էի ֆուտբոլ խաղում և տանը որոշեցին, որ կարող եմ փորձել ինձ ֆուտբոլի ասպարեզում՝ «Բանանցի» ակադեմիա տանելով։ Ինչպես տեսնում ենք ճիշտ որոշում էր։ Շատ ուրախ եմ, որ ֆուտբոլով եմ զբաղվել ու զբաղվում առ այսօր։

– Ի՞նչ է նշանակում ձեզ համար հանդես գալ «Ուրարտուի» կազմում այսքան երկար ժամանակ:

– «Ուրարտուն» միակ ակումբն է, որի կազմում հանդես եմ եկել։ Ես ակումբի սան եմ, ու խաղալ երկար ճանապարհից հետո հիմնական թիմում մեծ պատիվ է ինձ համար։ Կարծում եմ, որ «Ուրարտուն» այն ակումբներից է, որը շանս է տալիս իր սաներին ցույց տալ իր ունակությունները գլխավոր թիմում և ուրախ եմ որ այս ակումբի պատմության մասնիկն եմ։

– Ո՞րն է եղել ձեր կարիերայի ամենամեծ հաղթանակը կամ անմոռանալի պահը:

– Երևի կառանձնացնեմ Հայաստանի գավաթի եզրափակիչը «Շիրակի» դեմ։ Մենք այդ խաղում հաղթեցինք գավաթը, իսկ ես դարձա հաղթական գոլի հեղինակ։ Այդ մրցաշրջանը շատ հիշարժան է, քանի որ «Ուրարտուն» դարձավ ոսկե դուբլի հեղինակ և ուրախ եմ, որ ակումբի համար այդ պատմական իրադարձության մասնակիցն եմ։

– Ի՞նչ դժվարություններ եք հաղթահարել՝ որպես երիտասարդ հայ ֆուտբոլիստ:

– Յուրաքանչյուր ֆուտբոլիստ անցնում է ինչ-որ ճանապարհ՝ իր նպատակի համար։ Երբ ես բարձրացա հիմնական թիմ մրցակցությունը մեծ էր և սկզբնական շրջանում շատ խաղաժամանակ չէի ստանում, բայց հասկանում էի, որ դեռևս ժամանակը կգա ու կկարողանամ ավելի շատ խաղաժամանակ ստանալ։ Նույն դիրքում 2-3 լավ ֆուտբոլիստ էր խաղում և րոպեներ ստանալը բարդ էր։

– Ունե՞ք երազանք՝ խաղալ արտասահմանյան որևէ ակումբում։ Եթե այո, ապա որ ակումբում:

– Կարծում եմ, որ բոլորը կցանկանան խաղալ լավագույն թիմերում, բայց այդքան ֆուտբոլիստ պահել թիմերում չեն կարող։ Ես կցանկանայի հանդես գալ Մադրիդի «Ռեալի» կազմում։ Նրանց խաղաոճը ամենամոտն է իմ խաղաոճին։

– Ի՞նչ զգացողություններ ունեցաք, երբ առաջին անգամ հրավիրվեցիք Հայաստանի ազգային հավաքական։

– Հայաստանի ազգային հավաքական հրավիրվելը մեծ պատիվ էր ինձ համար։ Ես մասնակցեցի Խորվաթիայի դեմ խաղին՝ նշելով նորամուտս։ Հավաքականի մարզաշապիկ կրելը մեծ պատասխանատվություն է, ու վստահ եմ, որ այն ֆուտբոլիստները որոնք գոնե մեկ անգամ կրել են ընտրանու մարզաշապիկը՝ կփաստեն դա։ Կհիշեմ, որ Խորվաթիայի դեմ հանդիպումը բարդ էր, բայց ոգևորությունս շատ մեծ էր այդ խաղում։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի հավաքականի ներկայիս զարգացումները։

– Ֆուտբոլում լինում են հաղթանակներ և պարտություններ, վերելքներ և անկումներ։ Կարծում եմ, որ մեր հավաքականը ունի լավ ներուժ ու կարող է հասնել լավ արդյունքների։ Վերջին պարտությունները ցավալի էին բոլորիս հաար, բայց ֆուտբոլ է ու ամեն ինչ հնարավոր է։ Պետք է միայն առաջ նայել ու փորձել լավ արդյունք գրանցել։

– Ո՞ր միջազգային ֆուտբոլիստներից եք սովորել կամ ոգեշնչվել։

– Կրիշտիանու Ռոնալդու, Լիոնել Մեսսի, Զիդան․․․շատ ֆուտբոլիստներ կան, որոնցից ոգեշնչվել եմ։ Բոլորից պետք է ինչ-որ բան վերցնել։

– Ո՞րն է այն խորհուրդը, որ միշտ ձեզ հետ եք պահում՝ թե՛ խաղադաշտում, թե՛ կյանքում:

– Երբեք չհանձնվել, փորձել մշտապես կատարելագործվել ու մտածել միայն դրականը։