ՊՍԺ-ն կվերսկսի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի հետ բանակցությունները մրցաշրջանի ավարտին նրա պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը չի ցանկանում բարձրացնել 26-ամյա դարպասապահի աշխատավարձը, չնայած նրա ներդրմանը Չեմպիոնների Լիգայում թիմի հաղթանակում։ Սակայն ՊՍԺ-ն չի պլանավորում վատթարացնել Դոննարումայի աշխատանքային պայմանագրի պայմանները, որն ավարտվում է 2026 թվականի ամռանը։
Նշվում է, որ իտալացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», որի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է տեսնել ֆուտբոլիստին «քաղաքայինների» ճամբարում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը ՊՍԺ-ում կազմում է տարեկան 12,7 միլիոն եվրո։