Սարգիս Հովսեփյան․ «Ես հպարտ եմ և երջանիկ իմ ֆուտբոլային կարիերայի և կայացրած որոշումների համար»

Այս անգամ զրուցել ենք Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Սարգիս Հովսեփյանի հետ։

Հիշեցնենք, որ Սարգիս Հովսեփյանը իր նորամուտը Հայաստանի հավաքականում նշել է 1992 թ. հոկտեմբերի 10-ին՝ Հայաստանի ազգային հավաքականի անդրանիկ հանդիպմանը Մոլդովայի հավաքականի դեմ խաղում։ Հովսեփյանը ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության հինգ (1996, 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության չորս (1998, 2002, 2006, 2010) ընտրական փուլերի։ Անցկացրած հանդիպումների քանակով Հայաստանի հավաքականի ռեկորդակիրն է՝ 131 հանդիպում։ ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է մրցանակով, ազգային հավաքականների մակարդակով 100-ից ավելի խաղի մասնակցելու համար։

– Ի՞նչ պահեր են ամենամեծ հպարտությունը բերում ձեր ֆուտբոլային կարիերայից:

– Երբ որ ամբողջ Հայ Ազգը հպարտանում էր Ազգային Հավաքականի հաղթանակներով։

– Ո՞րն էր ամենադժվար պահը որպես ֆուտբոլիստ ու հետո որպես մարզիչ։

– Ամենադժվար պահը որպես ֆուտբոլիստ այն պահն էր, երբ որոշում կայացրեցի ավարտել ֆուտբոլիստի կարիերաս, գիտակցելով, որ այլևս չեմ հայտնվելու խաղադաշտում։ Իսկ որպես մարզիչ ամենադժվար պահը այն է, երբ թիմի պարտության պատասխանատվությունը կրում ես դու։

– Ի՞նչ տարբերություններ եք տեսնում ժամանակակից և ձեր սերնդի ֆուտբոլի միջև։

– Այն ժամանակ անահատականությունները ավելի շատ էին, և ֆուտբոլը ավելի ստեղծագործ ու գեղեցիկ խաղ էր, իսկ այժմ այն դարձել է ավելի պրագմատիկ և ոչ դիտարժան։

– Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս մակարդակը։

– Թե ինչ մակարդակի է Հայաստանի հավաքականը , դա պարզ երևում է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակին նայելով։ 

– Ո՞ր երիտասարդ ֆուտբոլիստների մեջ եք տեսնում ապագա առաջնորդներ։

– Ցավոք սրտի ՀՖՖ-ի ղեկավարությունը չի ստեղծել այնպիսի պայմաններ, որ երիտասարդները ավելի շատ խաղաժամանակ ստանան բարձրագույն խմբում, ձեռք բերելով փորձառություն և առաջնորդի բնավորություն։

– Ո՞ր խաղերն են եղել Հայաստանի հավաքականում ամենածանրաբեռնվածը՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հուզական առումով։

– Մի շարք խաղեր են եղել , բայց ամենահիշարժանը երևի կառանձնացնեմ Հայաստան – Իռլանդիա հանդիպումը, որտեղ մեր հավաքականը մրցավարական սխալի պատճառով զրկվեց հաջորդ փուլ դուրս գալու պատմական հնարավորությունից։ 

– Ի՞նչ խորհուրդ կտաք ֆուտբոլիստներին, ովքեր նոր են հրավիրվում հավաքական։

– Անմնացորդ նվիրում մեր երկրին մեր դրոշին։

– Երբ հետ եք նայում՝ ի՞նչ կփոխեիք կամ կավելացնեիք ձեր կարիերայում։

– Ես հպարտ եմ և երջանիկ իմ ֆուտբոլային կարիերայի և կայացրած որոշումների համար, իսկ թե ինչ կավելացնեյի, դեռ շատ հնարավորություններ կլինեն։

– Ի՞նչն է ձեզ օգնել դժվար ժամանակներում՝ թե՛ ֆուտբոլում, թե՛ կյանքում։

– Հավատքը ամենակարևորն է, և իհարկե այն մարդիկ, ովքեր իմ կողքն են եղել դժվար ժամանակահատվածներում:

– Ի՞նչ պետք է անենք որպես երկիր, որպեսզի մեր ֆուտբոլը զարգանա։

– Որպես երկիր պետք է պահանջատեր լինենք ներկա ՀՖՖ-ի ղեկավարության ձախողումների համար:

– Հնարավո՞ր է արդյոք հայկական ֆուտբոլը նոր «ոսկե սերունդ» ունենա։

– Այո ես հավատում եմ և համոզված եմ, որ կունենանք նոր «ոսկե սերունդ», բայց այդ ամենին հասնելու համար պետք է ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարությունը հրաժարական տա և ՀՖՖ-ն ղեկավարեն պրոֆեսիոնալներ և իրական ֆուտբոլի նվիրյալ մարդիկ։