Այս անգամ PROFFOOTBALL-ը զրուցել է «Ալաշկերտի» և Հայաստանի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպան Գևորգ Տարախչյանի հետ։
Նշենք, որ Գևորգ Տարախչյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է մեկ հանդիպում։ Ընդհանուր առմամբ, տարբեր տարիքային հավաքականներում անցկացրել է 40 հանդիպում, որոնցից 17-ը՝ երիտասարդականի կազմում, խփել՝ 7 գոլ։
– Ինչպե՞ս եք սկսել ձեր ուղին ֆուտբոլում։ Ո՞վ է ձեզ ամենաշատը ոգեշնչել։
– Դեռ փոքր տարիքից սիրել եմ ֆուտբոլ խաղալ բակում։ 6 տարեկան էի, երբ հորեղբայրս ձեռքս բռնեց և տարավ ընդունելության՝ «Բանանց» ֆուտբոլային ակումբ։ Միշտ հետևել եմ Ուեյն Ռունիի խաղերին ու ցանկացել եմ նմանվել նրան։
– Ինչպե՞ս կգնահատեք ձեր ընթացիկ մարզավիճակը և ելույթները այս մրցաշրջանում:
– Չնայած, առաջնության սկզբնամասում քիչ խաղերի եմ մասնակցել, կարծում եմ՝ հիմա արդեն լավ մարզավիճակում եմ և ամեն ինչ անելու եմ՝ մինչ մրցաշրջանի ավարտը մարզավիճակս առավելագույնին հասցնելու համար։
– Որն է այն հանդիպումը, որը դուք երբեք չեք մոռանա՝ լավ կամ վատ առումով:
– Երբեք չեմ մոռանա ազգային հավաքականում նորամուտս։ Այդ օրը կայացավ ֆուտբոլային մեծ երազանքներիցս մեկը, որի համար շատ ուրախ եմ։
– Ինչպիսի՞ն են ձեր հարաբերությունները թիմակիցների և մարզչական շտաբի հետ։
– Մեր թիմում լավ մթնոլորտ է, բոլորի հետ էլ շատ լավ հարաբերություններ ունեմ։ Ադապտացվելու խնդիր չի եղել, նույնը կարող եմ ասել նաև մարզչական շտաբի մասին։
– Որտե՞ղ եք ձեզ տեսնում հինգ տարի անց՝ ակումբային կամ ազգային հավաքականի տեսանկյունից։
– Ինչպես բոլոր ֆուտբոլիստները, ես էլ ունեմ ապագայի համար մեծ պլաններ, բայց հստակ չեմ կարող ասել՝ որտեղ եմ ինձ տեսնում 5 տարի անց։ Դա միայն Աստված է որոշում։
Իմ վրա պետք է շատ աշխատեմ, ուզում եմ մեր ազգային հավաքականի հիմանական կազմում լինել, իսկ ակումբային ֆուտբոլի տեսանկյունից՝ երազում եմ հանդես գալ Իտալիայի առաջնությունում։
– Ֆուտբոլից դուրս ի՞նչ հետաքրքրություններ կամ հոբբիներ ունեք։
– Հիմնականում, ազատ ժամանակս անցկացնում եմ ընկերներիս հետ։ Վերջին 3 տարում հետաքրքրված եմ, զանազան գրքեր եմ ընթերցում մեր հավատքի մասին, կյանքում ինձ շատ է օգնում։ Ինձ համար շատ հարազատ մարդ օգնեց այս հարցում, և սկսեցի ուսումնասիրել։
– Ո՞րն է ձեր ամենամեծ երազանքը՝ կապված թե՛ ֆուտբոլի, թե՛ անձնական կյանքի հետ։
– Կարծում եմ, պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն ունի 2 հիմնական նպատակ, հանդես գալ բարձրակարգ թիմերում և հավաքականի մի մասը լինել, ներկայացնել երկիրը պատվով։ Ինչ վերաբերում է անձնական կյանքիս, ուզում եմ գեղեցիկ և ամուր ընտանիք ունենալ։