«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի հայրը՝ Մունիր Նասրաուին, պատասխանել է որդու հասցեին հնչած քննադատություններին, որոնք հնչեցրել են «Ռեալ Մադրիդի» երկրպագուները։
«Յամալը խաղում է ոչ միայն «Բարսելոնայի», այլև ազգային հավաքականի համար։ Մենք պետք է գովաբանենք այն տղային, ով այդքան երիտասարդ տարիքում արդեն 100 խաղ է անցկացրել «Բլաուգրանաի» կազմում։
Ինձ դուր չի գալիս, երբ մարդիկ վատ են խոսում նրա մասին։ Անհրաժեշտ չէ նրան նախատել։ «Բարսելոնայի» երկրպագուները չեն վիրավորում «Ռեալ Մադրիդի» երիտասարդ տաղանդներին», – Մունիրի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Այս մրցաշրջանում Յամալը մասնակցել է բոլոր մրցաշարերի 49 խաղի, որոնցում խփել է 15 գոլ և կատարել 24 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։