PROFFOOTBALL-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանի հետ։
Արթուր Եդիգարյանն իր կարծիքն է հայտնել Հայաստանում ֆուտբոլի զարգացման, Հայաստանի առաջնության և Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի մասին։
– Արթուր, ի՞նչ լուծումներ եք տեսնում Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար։
– Հայկական ֆուտբոլում խնդիրները շատ են։ Մանկապատանեկան ֆուտբոլին պետք է մեծ ուշադրություն դարձնել։ Ամեն ակումբ պետք է ուշադրություն դարձնի երեխաներին, նրանք են մեր ապագան հայկական ֆուտբոլում։ Գրեթե ներդրումներ չկան մանկապատանեկան ֆուտբոլում, երեխաները շատ քիչ են գնում արտերկիր մրցաշարերի, որը շատ կարևոր փորձ է իրենց համար։ Շատ եմ կարևորում մանկապատանեկան ֆուտբոլը, դա հիմքն է հայկական ֆուտբոլի։
– Հետևում ե՞ք Հայաստանի Պրեմիեր Լիգային, որ ակումբներն են տպավորում ձեզ իրենց ելույթներով:
– Հետևում եմ Հայաստանի առաջնության խաղերին, շատ դիտարժան և գեղեցիկ հանդիպումներ են լինում։ «Նոան», «Արարատ-Արմենիան», «Փյունիկը», «Վանը» և «Ուրարտուն» իրենց խաղով շատ տարբերվում են մնացած թիմերից, բայց շատ-շատ գեղեցիկ ֆուտբոլ է խաղում ԲԿՄԱ-ն։ Այնտեղ խաղում են միայն հայ ֆուտբոլիստները, և կարծում եմ, այդ օրինակին պետք է հետևեն մնացած թիմերը և հնարավորություն տան հայ ֆուտբոլիստներին։
Լավ աշխատանք կատարելու դեպքում, Հայաստանի առաջնությունում հանդես եկող հայ ֆուտբոլիստները կարող են հայտնվել Եվրոպայում։
– Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վան ’տ Սխիպի մասին ինչ կարծիք ունե՞ք։
– Չեմ ճանաչում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչին, կարծիք չեմ ուզում արտահայտել։ Շատ լավ կլինի, եթե Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը լինի հայ մասնագետ։