Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է 21-ամյա կիսապաշտպանի ծառայություններով

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Քրիսթալ Փելասի» 21-ամյա կիսապաշտպան Ադամ Ուորթոնի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ «սերուցքայինների» գլխավոր սկաուտ Ջունի Կալաֆաթը անգլիացի ֆուտբոլիստի մեծ երկրպագուն է, ուստի «Արքայական ակումբի» անձնակազմը գործուղվել է Անգլիա՝ հետևելու նրա առաջընթացին։

21-ամյա կիսապաշտպանի արժեքը ներկայումս կազմում է 70 մլն ֆունտ (84,7 մլն եվրո)։ Ընդգծվում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում էր ձեռք բերել Ուորթոնին, սակայն գործարքը չկայացավ ֆուտբոլիստի վնասվածքի պատճառով։

Ընթացիկ մրցաշրջանում Ուորթոնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում, դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։