«Մանչեսթեր Յունայթեդը» Մարկուս Ռեշֆորդին ցանկանում է փոխարինել «Բավարիայի» ֆուտբոլիստի հետ

«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է թիմի 27-ամյա վինգեր Մարկուս Ռեշֆորդին Մյունխենի «Բավարիայի» 20-ամյա հենակետային կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչի հետ փոխանակելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիր սատանաները» գերմանացի ֆուտբոլիստին տեսնում են որպես գործչի, որի շուրջ կարող են թիմ կառուցել առաջիկա տարիներին։ Միաժամանակ, անգլիական ակումբը հասկանում է, որ եթե «Բավարիան» համաձայնի փոխանակել Ռեշֆորդին Պավլովիչի հետ, ապա նրանք դեռ պետք է հավելյալ գումար վճարեն։

Այս մրցաշրջանում Պավլովիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ։