Այս անգամ PROFFOOTBALL-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի և «Փյունիկի» նախկին կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի հետ։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա վերջին Արտակ Գրիգորյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ 37-ամյա ֆուտբոլիստը 52 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, ևս 496 հանդիպում նա անցկացրել է ակումբային կարիերայում։
– Արտակ կխոսե՞ք Ձեր առաջին քայլերի մասին, ի՞նչպես որոշեցիք, որ ցանկանում եք ֆուտբոլիստ դառնալ:
– Իմ առաջին քայլերը կատարել եմ քաղաք Աբովյանում, հայրս և հորեղբայրս նախկինում ֆուտբոլիստ են եղել և ես 6 տարեկանից նրանց հետ եմ զբաղվել ֆուտբոլով։ Իմ առաջին մարզիչը նրանք են եղել, շնորհակալ եմ նրանց իրենց աջակցության համար։
– Կնշե՞ք Ձեր կարիերայի ամենադիտարժան հանդիպումներից մի քանիսը:
– Հայաստանի հավաքականի բոլոր խաղերը, որոնց մասնակցել եմ իմ համար շատ հիշարժան են եղել։ Պետք է ավելացնեմ, որ նաև ակումբային մակարդակում ևս շատ հիշարժան հանդիպումներ եմ ունեցել, թե՛ «Փյունիկի», և թե՛ «Ալաշկերտի» կազմում։
– Իսկ հիշու՞մ եք Ձեր կարիերայի ամենաբարդ մրցակիցներին, որոնց երբևէ հանդիպել եք:
– Իմ կարիերայի ընթացքում ամենաբարդ հանդիպումները անցկացրել եմ Հայաստանի հավաքականի կազմում։ Կարող եմ նշել Իտալիայի, Գերմանիայի և Խորվաթիայի հավաքականների հետ հանդիպումները։
– Ե՞րբ հասունացավ կարիերան ավարտելու պահը:
– Իմ համար շատ բարդ է եղել նման որոշում կայացնելը։ Կարծում եմ առհասարակ դա ամենաբարդ որոշումն է ցանկացած ֆուտբոլիստի համար։
– Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք, արդյո՞ք կմասնակցեք մարզչական դասընթացների:
– Մարզչական դասընթացների հնարավոր է մասնակցեմ, այդ որոշումը կայացրել եմ միայն իմ համար, քանի որ ցանկանում եմ մնալ ֆուտբոլում։ Չեմ մտածել կարիերաս ավարտելուց հետո մարզիչ դառնալու մասին։ Դա քիչ հավանական է։ Այս պահին ֆուտբոլային գործունեությամբ եմ զբաղվում։ Աբովյան քաղաքում ստեղծել եմ ֆուտբոլային ակումբ, այս պահին ունենք 400-ից 500 երեխա, որոնցով զբաղվում են շատ փորձառու մարզիչներ։ Ցանկանում եմ Աբովյան քաղաքին ֆուտբոլային նոր շունչ տրամադրել։
– Ի՞նչ սպասենք Հայաստանի հավաքականից առաջիկա խաղերում:
– Առջևում Վրաստանի դեմ երկու հանդիպումներն են, ցանկանում եմ, որ մեր ընտրանին հաղթի երկու խաղերում էլ։ Ես միշտ երկրպագել եմ մեր հավաքականին, տղաներին մաղթում եմ հաջողություն և հաղթանակ։ Միշտ մեր ընտրանու կողքին եմ եղել։