Մոհամեդ Սալահը գրանցել է Պրեմիեր Լիգայի բոլոր ժամանակների ռեկորդը

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Պրեմիեր Լիգայի ավելի շատ խաղերում գոլ է խփել և գոլային փոխանցում կատարել, քան առաջնության պատմության ցանկացած այլ ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է Squawka-ն։

Ֆուտբոլիստը արդեն անցկացրել է 37 հանդիպում, որոնցում կատարել է երկու և ավելի արդյունավետ գործողություն (առնվազն մեկ գոլ և մեկ գոլային փոխանցում)։ Նախկինում այս ցուցանիշի ռեկորդը պատկանում էր «Էվերթոնի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունիին։ Հատկանշական է, որ Սալահն անգլիացուց 214 խաղ քիչ է անցկացրել։

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» ԱՊԼ-ի 14-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց «Նյուքասլի» հետ՝ 3։3։ Սալահն այս հանդիպմանը դուբլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց։

Այս մրցաշրջանում Սալահն ակումբի կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 15 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։