Կոկե. «Ֆուտբոլիստները նույնպես պետք է ավելի խելացի լինեն»

«Ատլետիկոյի» ավագ Կոկեն խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ Լա Լիգայի 8-րդ տուրի հանդիպումը (1:1) դադարեցնելու մասին։

Երկրորդ խաղակեսում միջադեպ տեղի ունեցավ, որի պատճառով մրցավարը դադարեցրեց խաղը։ Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուները տարբեր առարկաներ են նետել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի տուգանային հրապարակ։ Ինքը՝ Դիեգո Սիմեոնեն, գնացել է երկրպագուներին հանգստացնելու։

«Հանդիպման սկզբից մեծ լարվածություն կար: Երկու թիմերն էլ ցանկանում էին հաղթել, իսկ վերջում մեզ հաջողվեց ոչ-ոքիի հասնել։ Մենք միշտ խաղադաշտ ենք դուրս գալիս հաղթելու համար, հատկապես դերբիում։ Մենք ցանկանում էինք երեք միավոր վաստակել, բայց ինձ դուր եկավ երկրորդ խաղակեսը, և կարծում եմ՝ երկրպագուներին նույնպես:

Ինչ վերաբերում է հանդիպման դադարեցմանը, ապա սա մեծ լարվածության պահ է։ Դա չպետք է տեղի ունենա ֆուտբոլի դաշտում. մենք պրոֆեսիոնալներ ենք և պետք է հասկանանք, թե որտեղ ենք գտնվում: Ֆուտբոլիստները նույնպես պետք է ավելի խելացի լինեն: Արձանագրությունում ասվում էր, որ հանդիպումը կարող էր ավարտվել, եթե միջադեպը կրկնվեր»,- Կոկեի խոսքերն է մեջբերում Marca-ն: