PROFFOOTBALL-ը զրուցել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Ոսկանյանի հետ։
-Արթուր կ՞խոսեք ձեր առաջին քայլերի մասին, ի՞նչպես որոշեցիք, որ ցանկանում եք ֆուտբոլիստ դառնալ։
-Իմ ծնողները այնպիսի գյուղից են, որտեղ բոլորը ըմբշամարտով էին զբաղվում։ Աշտարակի Փարպի գյուղի մասին է խոսքը։ Ես էլ բացառություն չեմ եղել։ Հայրս նույնպես զբաղվել է ըմբշամարտով և ֆուտբոլով, բայց լուրջ արդյունքների չի հասել։ Քեռիներս նույնպես զբաղվել են ըմբշամարտով։ Վահրամ Առաքելյանը, իմ քեռին, երկար տարիներ եղել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ռեկտորը։ Ես էլ եմ սկսել ըմբշամարտից, բայց հետո դպրոցում ընտրվեցի ֆուտբոլի թիմում ու այդ օրվանից սկսեցի զբաղվել ֆուտբոլով, չնայած դեռ փոքր հասակից սիրում էի ու հետևում ֆուտբոլային բոլոր խաղերին։ Ու այդպես 12 տարեկանից սկսեցի զբաղվել ֆուտբոլով և ապրել ֆուտբոլով։
–Կնշե՞ք ձեր կարիերայի ամենադիտարժան հանդիպումներից մի քանիսը։
-Ամենադիտարժան խաղերից կհիշեմ, երբ խաղում էի Ռուսական «Ուռալան» թիմում։ Գավաթի կիսաեզրափակիչ խաղում մրցում էինք «Լոկոմոտիվի» հետ, շատ ուժեղ աստղային թիմ էր «Լոկոմոտիվը», խաղի հիմնական ժամանակը ավարտվեց ոչ-ոքի և միայն լրացուցիչ ժամանակում պարտվեցինք։ Հետաքրքիրն այն էր, որ ես շատ լավ խաղ անցկացրեցի, որ անգամ խաղի ընթացքում «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Սյոմինը դիմել էր մեր մարզչին, որ նրանք հետաքրքրված են իմ ծառայություններով, և ես կարող էի տեղափոխվել «Լոկոմոտիվ»։
Բայց ցավոք խաղի լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին շատ կոպիտ խախտում կատարեցի՝ ջարդելով մրցակցի ֆուտբոլիստի ոտքը, որը վիրավորել էր իմ ազգությունը։ Ես ստացա կարմիր քարտ ու որակազրկվեցի 10 խաղով և չկայացավ իմ տեղափոխությունը։
Մյուս հիշարժան խաղը դա Հայաստանի հավաքականի կազմում Լեհաստանի դեմ խաղն էր, երբ Լեհաստանը խմբի առաջատարն էր և մենք տանը հաղթեցինք՝ 1։0 հաշվով։ Ամբողջ Հայաստանը տոնում էր մեր հաղթանակը։
-Հետևում ե՞ք հայկական ակումբների ելույթներին Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման փուլում։
-Այո հետևում եմ, մեր երեք թիմերն էլ լավ հնարավորություն ունեն անցնելու չորրորդ փուլ։ Երեք թիմերն էլ ունեն լավ և փորձառու ֆուտբոլիստներ, եթե հավատան իրենց ուժերին և խաղան կարգապահ ֆուտբոլ համոզված եմ երեքն էլ կարող են անցնել հաջորդ փուլ։
–Ի՞նչ կասեք Հայաստանի հավաքականի վերջին հանդիպումների մասին։
-Հայաստանի հավաքականը դեռ կայուն ֆուտբոլ չի խաղում, լինում են մի խաղի ընթացքում և շատ լավ ֆուտբոլ են խաղում և լինում են սայթաքումներ։ Պետք է կայունացնել խաղը , ունենք շատ երիտասարդ ֆուտբոլիստներ որոնք համոզված եմ ժամանակի ընթացքում փորձ ձեռք կբերեն և հավաքականն էլ կայուն ֆուտբոլ կցուցադրի։
-Արթուր ի՞նչ լուծումներ եք տեսնում Հայաստանում ֆուտբոլի զարգացման համար։
-Բազմիցս ասել եմ, որ ֆուտբոլի ակադեմիաները պետք է ճիշտ աշխատանք կատարեն, ունենան հստակ ծրագրեր, երկարաժամկետ ռազմավարություն, ստրատեգիա, ու այդ ամենը զարգացնեն փորձառու հայ մարզիչների շնորհիվ։ Ու այդ ամենից հետո մի քանի տարի անց կունենանք լավ ֆուտբոլիստներ։
-Արդեն մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանը, որ թիմին ե՞ք համարում ֆավորիտ։
-Այո սկսել է առաջնությունը և ես հետևել եմ գրեթե բոլոր խաղերին։ Թիմեր կան, որ նոր են կազմավորվում, թիմեր էլ կան որ արդեն կազմ պատրաստ են առաջնությանը։ Երեք թիմեր տարբերվում են իրենց կազմերով մյուսներից, «Նոան», «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը» ֆավորիտ են, բայց կան թիմեր որոնք կպայքարեն այս թիմերի հետ, «Վանը», «Ուրարտուն», «Արարատը» և ինչու չէ ԲԿՄԱ-ն, որը հիմա շատ գեղեցիկ և դիտարժան ֆուտբոլ է սկսել ցուցադրել։