Հայտնի է դարձել, թե «Բարսելոնան» որ ֆուտբոլիստներին կարող է վաճառել Նիկո Ուիլյամսին ձեռք բերելու համար

«Բարսելոնան» մտադիր է պայմանագիր կնքել «Ատլետիկի» 21-ամյա հարձակվող Նիկո Ուիլյամսի հետ: Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։

Աղբյուրի համաձայն՝ Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվողի հետ պայմանագիր կնքելու համար կատալոնական թիմը կարող է վաճառել հիմնական կազմի երեք ֆուտբոլիստների։ Նրանց թվում են հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, բրազիլացի վինգեր Ռաֆինյան և ուրուգվայցի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում եզրային հարձակվողը Բիլբաոյի «Ատլետիկի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։