«Վալենսիայի» երեք երկրպագուներ մեղավոր են ճանաչվել Լա Լիգայի հանդիպման ժամանակ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հասցեին ռասիստական արտահայտություններ անելու համար, հայտնում է ESPN-ը։
Հաղորդվում է, որ «Վալենսիայի» երկրպագուները մեղավոր են ճանաչվել «բարոյական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործության» մեջ՝ ռասայական խտրականության ծանրացուցիչ հանգամանքով և ութ ամսվա ազատազրկման են ենթարկվել, ինչպես նաև պետք է վճարեն դատական ծախսերը։ Նաև երկու տարով ամբաստանյալներին կարգելվի այցելել ֆուտբոլային մարզադաշտեր, որտեղ անցկացվում են Լա Լիգայի հանդիպումներ և այլ մրցաշարեր RFEF-ի հովանու ներքո։
Նշվում է, որ նիստի ժամանակ ամբաստանյալները ներողություն են խնդրել ֆուտբոլիստից, Լա Լիգայից և Մադրիդի «Ռեալից» և ասել, որ կողմ են ռասիզմի դեմ պայքարին։
Հիշեցնենք, որ Վինիսիուս Ժունիորը «Ռեալ» է տեղափոխվել «Ֆլամենգոյից» 2018 թվականի հուլիսին։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ: Նախորդ մրցաշրջանում Վինիսիուսը անցկացրել է 39 հանդիպում, դարձել 24 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։