Ժերեմի Ֆրիմպոնգը կարող է տեղափոխվել Լա Լիգա

Լևերկուզենի «Բայերի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ այս տրանսֆերով հետաքրքրված է անձամբ ակումբի նոր գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը, ով ցանկանում է ուժեղացնել աջ պաշտպանի դիրքը, և 23-ամյա խաղացողը դարձել է նրա առաջնահերթ տարբերակը։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» արդեն առաջարկ է արել գերմանական թիմին։

Անձամբ՝ Ֆրիմպոնգը, ցանկանում է սպասել մինչև Եվրոպայի առաջնությունն ավարտվի՝ կարիերան շարունակելու նոր վայրի վերաբերյալ որևէ որոշում կայացնելուց առաջ։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ֆրիմպոնգը բոլոր մրցաշարերում մասնակցել է 47 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։