Էդգար Թորոսյան․ «Շատ ուրախ եմ, որ գլխավորել եմ հենց այդ երկու ակումբները»

PROFFOOTBALL-ը զրուցել է «Արարատի» և «Շիրակի» նախկին մարզիչ Էդգար Թորոսյանի հետ։

-Ինչպիսի՞ զգացողություններ ունեիք «Արարատի» և «Շիրակի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

-Շատ ուրախ եմ, որ գլխավորել եմ հենց այդ երկու ակումբները, քանի որ դրանք ունեն պատմություն, որը մեծ հետք է թողել հայկական ֆուտբոլում։

Աշխատել եմ մեծ պատասխանատվությամբ և այդ ակումբներում ինձ շատ լավ եմ զգացել, ինչի համար շնորհակալ եմ։

-Ձեր համար, որ ակումբում էր ավելի դժվա՞ր։

-Երկու ակումբներն էլ շատ հարազատ են ինձ, և ես համարում եմ, որ երկուսում էլ նվիրված և արդյունավետ աշխատանք եմ կատարել։

Դժվարություն չէի ասի, բայց աշխատանքները որոշ չափով տարբեր են եղել։ «Արարատում»՝ որպես առաջին գլխավորած ակումբում, ունեի փորձի պակաս։ Աշխատելով, մեծ փորձ կուտակեցի և այդ փորձով էլ սկսեցի աշխատանքս «Շիրակում»։ Այնտեղ մեծ աշխատանք ենք կատարել։ «Շիրակը» լավ շրջան և լավ փորձություն էր ինձ համար։ Յուրաքանչյուր ակումբի հետ դարնում ես ավելի փորձառու։

–Ի՞նչ կասեք Հայաստանի Պրեմիեր Լիգայում չեմպիոնական պայքարի մասին, և կխոսե՞ք «Շիրակի» այս մրցաշրջանի ելույթների մասին։

-Ինձ համար հետաքրքիր և օգտակար էր այս անգամ մրցաշրջանին հետևել կողքից։ Շատ վերլուծություններ եմ արել առաջնության, թիմերի, խաղերի հետ կապված։ Մրցաշրջանում հետաքրքիր պայքար էր ծավալվել և ամեն տեղի համար կար պայքար։

Երեք զոնայում կար ակտիվ պայքար մրցաքցային տեղերի համար, 4-րդ, 5-րդ տեղերի համար Պրեմիեր Լիգայից դուրս չմնալու համար։

Չեմպիոնական պայքարը թեժ էր, պայքարի մեջ էր երեք թիմ։ «Արարար-Արմենիան», «Նոան», «Փյունիկը»։ Բայց իմ սուբեկտիվ կարծիքով «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» ավելի լավ ֆուտբոլ էին ցույց տալիս։ Կար ավելի կազմակերպված թիմային աշխատանք և մարզչական ձեռագիր։

Ըստ իս այժմ «Փյունիկը» մեր առաջնության լավագույն թիմն է, թե՛ ֆիզիկապես, թե՛ տակտիկապես և թե՛ հոգեբանորեն։ Չորրորդ և հինգերորդ տեղերի համար նույնպես երեք թիմեր պայքարում։ «Արարատը», որն ունի պոտենցիալ ունեցող կազմ, կարող է անել ավելին։ Նույնը կասեմ «Ալաշկերտի» մասին։

«Շիրակը» հանդես էր գալիս ոչ ստաբիլ։ Կասեմ մեկ նախադասությամբ․ Նախորդ մրցաշրջանում «Շիրակը» պայքարում էր գավաթը նվաճելու համար, իսկ այս տարի՝ Պրեմիեր Լիգայից դուրս չմնալու համար։

-Հայաստանի առաջնությունում հանդես եկող որ հայ ֆուտբոլիստներին կնշեք, որոնք կարող են առաջիկայում հանդես գալ Եվրոպայում։

-Հայաստանի առաջնությունուն իհարկե կան ֆուտբոլիստներ, որոնք առաջիկայում կարող են հանդես գալ Եվրոպայում, սակայն կառանձնացնեմ մեկ անուն՝ Հովհաննես Հարությունյան։

«Շիրակում» աշխատելու ընթացքում նկատել եմ, որ այդպիսին կարող է լինել նաև՝ Ռաֆիկ Միսակյանը, ում ՕԳԳ-ն դաշտում ահռելի է։ «Արարատից» էլ կնշեմ՝ Սերոբ Գալստյանին, ով մեծ պոտենցիալ ունի։

«Ուրարտուում», «Նոայում», ԲԿՄԱ-ում նույնպես կան շատ լավ ֆուտբոլիստներ։

-Ի՞նչ սպասումներ ունեք Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերից։

-Հարցին կպատասխանեմ որպես Հայաստանի հավաքականի երկրպագու։ Անկախ նրանից խաղն պաշտոնական է թե ընկերական, հավաքականին միշտ ցանկանում ենք տեսնել հաղթանակած։

-Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք, կցանկանա՞ք նորից մարզչական աշխատանքով զբաղվել։

-Բնականաբար կցանկանամ։ Այս դադարը նորմալ պրոցես է և ոչինչ չի նշանակում։ Կարծում եմ դադարներ պետք են ավելի շատ կողքից նայելու, վերլուծելու համար։ Հիմա ես ունեմ շատ մեծ էներգիա և էնտուզիազմ աշխատանքի անցնելու համար։