Ռաֆայել Լեաուի համար առաջարկում են 100 միլիոն եվրո

«Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայում։

Ինչպես հաղորդում է O Jogo-ն, 24-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելով հետաքրքրված է «Ալ-Հիլալը», որն այս մրցաշրջանում ժամանակից շուտ դարձավ Սաուդյան Արաբիայի չեմպիոն։

Աղբյուրի համաձայն՝ ակումբը չի պատրաստվում «Միլանին» վճարել Լեաուի պայմանագրով նախատեսված 175 միլիոն եվրո փոխհատուցումը, սակայն պատրաստ է «ռոսոներիներին» ավելի քան 100 միլիոն առաջարկել պորտուգալացու համար: Սպասվում է, որ առաջին պաշտոնական առաջարկը «Միլանը» կստանա այս շաբաթավերջին։

Լեաուի պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում թիմի 46 խաղում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։