«Յուվենտուսը» ցանկանում է վարձակալել ՊՍԺ-ի կիսապաշտպանին

ՊՍԺ-ի հենակետային կիսապաշտպան Մանուել Ուգարտեն գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վարձավճարով տեղափոխվել Յուվենտուս, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ ուրուգվայցի կիսապաշտպանը ընդգրկված չէ ՊՍԺ-ի մարզչական շտաբի հաջորդ մրցաշրջանի ծրագրերում, ուստի փարիզյան ակումբը պատրաստ է դիտարկել խաղացողին վարձակալելու տարբերակը։ Յուվենտուսի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել փարիզցիների հետ՝ Ուգարտե հնարավոր տեղափոխության վերաբերյալ։ Նշվում է, որ թուրինյան թիմն առայժմ պատրաստ է միայն խաղացող վարձակալել, քանի որ Յուվենտուսի հաջորդ մրցաշրջանի բյուջեն դեռ հաստատման փուլում է։

Հիշեցնենք, որ 23-ամյա Մանուել Ուգարտեն ՊՍԺ է տեղափոխվել պորտուգալական «Սպորտինգից» 2023 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում ուրուգվայցին բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 2269 րոպե, որոնցում երեք գոլային փոխանցում է կատարել։ Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: