«Նապոլիի» ղեկավարությունն ակումբի նոր գլխավոր մարզչի վերաբերյալ որոշում կկայացնի Իտալիայի Ա Սերիայի 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո, հաղորդում է Corriere Dello Sport-ը։ Ավելի վաղ Rai Sport-ը հայտնել էր, որ ակումբը կարող է գլխավորել «Ինտերի» և Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն։
Աղբյուրի համաձայն՝ նեապոլցիների նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը գոհ չէ թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Կալցոնայի աշխատանքից։ Ակումբի ղեկավարությունը պլանավորում է մայիսի 26-ին «Լեչեի» հետ Իտալիայի առաջնության վերջին տուրի խաղից հետո որոշել ակումբի նոր մարզչի հիմնական թեկնածուին։ Նշվում է, որ «Նապոլիի» շորթ-լիստում են «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին, «Միլանի» մարզիչ Ստեֆանո Պիոլին և «Ֆիորենտինայի» մարզիչ Վինչենցո Իտալանոն։
«Նապոլիի» ներկայիս մարզիչ Ֆրանչեսկո Կալցոնան գլխավորել է թիմը 2024 թվականի փետրվարին՝ պայմանագիր կնքելով մինչև հունիսի 30-ը։ «Նապոլին» Իտալիայի Ա Սերիայում այս մրցաշրջանում 34 խաղից հետո վաստակել է 50 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղը: