Առաջիկա 48 ժամվա ընթացքում «Լիվերպուլը» կարող է հայտարարել, որ Առնե Սլոտը, ով գլխավորում է «Ֆեյենորդը», կդառնա ակումբի նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլն» ու «Ֆեյենորդը» ներկայումս ակտիվ բանակցություններ են վարում։ Ընդգծվում է, որ մերսիսայդցիները պետք է հոլանդական ակումբին վճարեն փոխհատուցում Սլոտի վաղաժամ հեռանալու համար, որը կկազմի 13 միլիոն ֆունտ (15,1 միլիոն եվրո): Այս գումարը պայմանավորված է նրանով, որ 45-ամյա մասնագետի հետ միասին «Ֆեյենորդը» կլքի մարզչական շտաբի մի մասը։
Հիշեցնենք, որ Սլոտի գործող պայմանագիրը հոլանդական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։
«Լիվերպուլի» ներկայիս գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից։