Լեհաստանի և «Յուվենտուսի» 33-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնին հայտնել է, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության ավարտից հետո կավարտի կարիերան Լեհաստանի հավաքականում։
«Ես կհեռանամ EURO-2024-ից հետո: Ոչ ոք չի կարող ինձ համոզել փոխել այս որոշումը։ Իմ ընտանիքը գիտի, թե ինչ ծրագրեր ունենք, և կարծում եմ, որ նրանք հասկանում են: Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու նոր մրցաշրջան սկսելը իմաստ չունի, եթե այն հնարավոր չէ ավարտին հասցնել:
Պե՞տք է մնամ հավաքականում և մի քանի հանդիպում անցկացնե՞մ Ազգերի Լիգայում։ Կարծում եմ՝ ավելի լավ է այս գործը թողնել ուրիշներին»,- Շչեսնիի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը՝ Foot Truck-ին հղումով:
Հիշեցնենք, որ Շչեսնին Լեհաստանի հավաքականում իր նորամուտը նշել է 2009թ.։ EURO-2024-ում Լեհաստանի հավաքականը խմբային փուլում կխաղա Նիդեռլանդների, Ավստրիայի և Ֆրանսիայի հետ։