«Ես պատրաստ չէի հեռանալ». Լիոնել Մեսսին խոսել է «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխվելու մասին

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին կիսվել է 2021 թվականի ամռանը ֆրանսիական ՊՍԺ տեղափոխության մասին հիշողություններով՝ խոստովանելով, որ ցանկանում էր մնալ իր նախորդ ակումբում՝ «Բարսելոնայում»։

Արգենտինացին նշել է, որ տրանսֆերի չպլանավորված լինելու պատճառով Փարիզում ադապտացիան ավելի դժվար էր, քան կարող էր լինել։

«ՊՍԺ տեղափոխությունն ինձ համար դժվար էր, քանի որ ես շատ լավ ժամանակ էի անցկացրել «Բարսելոնայում» և մտածում էի այնտեղ մնալու մասին։ Ես պատրաստ չէի հեռանալու, ամեն ինչ շատ արագ կատարվեց, պետք էր փոխել իմ սովորական կյանքը։ Ես հայտնվեցի այլ առաջնությունում, այլ ակումբում, մեկ այլ հանդերձարանում: Դա չնախատեսված փոփոխություն էր, դրա համար էլ այդքան դժվար»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Big Time AS-ը։

Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից» ազատ գործակալի կարգավիճակով։ Երկու տարի ակումբում աշխատելուց հետո արգենտինացին պայմանագիր կնքեց «Ինտեր Մայամիի» հետ։