Անգլիական գրանդը պատրաստ է եռապատկել Անդրեյ Լունինի աշխատավարձը

Մադրիդի «Ռեալի» և Ուկրաինայի հավաքականի դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա։

25-ամյա ուկրաինացին Տիբո Կուրտուայի վնասվածքից հետո փաստացի դարձավ մադրիդյան թիմի հիմնական դարպասապահը, սակայն նրա աշխատավարձը «Ռեալի» մյուս ֆուտբոլիստների համեմատ ցածր է մնում։

Ինչպես նշում է Fichajes-ը, Լունինը ստանում է 3 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում և մտադիր է բարելավել իր ֆինանսական պայմանները։ Միաժամանակ, ուկրաինացին ակնկալում է կորցնել մեկնարկային տեղը, երբ Կուրտուան ​​ապաքինվի վնասվածքներից։

Աղբյուրի համաձայն՝ դարպասապահով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը», որը Լունինի համար կարող է առաջարկել մինչեւ 20 միլիոն եվրո, ինչպես նաեւ պատրաստ է եռապատկել նրա աշխատավարձը։

Այս մրցաշրջանում Լունինը «Ռեալի» կազմում մասնակցել է 23 հանդիպման բոլոր մրցաշարերում և բաց թողել 19 գնդակ։