Կիլիան Մբապպե․ «ՊՍԺ-ում իմ ապագան այլևս քննարկման թեմա չէ»

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն ասել է, որ ակումբն այլևս չի քննարկում իր ապագան։ Լրատվամիջոցները հայտնում էին, որ Մբապպեն ՊՍԺ-ի ղեկավարությանը տեղեկացրել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։ Սպասվում է, որ ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»:

Téléfoot-ին տված հարցազրույցում Մբապպեն նվազեցրեց իր ապագայի շուրջ անորոշությունը և ասաց, որ իր իրավիճակն ավելի պարզ կդառնա այս ամառ Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ:

«Մարդիկ կիմանան իմ ապագայի մասին: Ես մտքով հանգիստ կգնամ EURO-2024-ին։ Ես արդեն հանգիստ եմ։ Դա այլևս ակումբում քննարկման թեմա չէ, ինձ հետ ոչ ոք այդ մասին չի խոսում: Այստեղ անհանգստություններ չկան։ EURO-2024-ին գնալու եմ մտքի խաղաղությամբ և վստահությամբ, որ մեծ հաջողությունների հասնեմ»։