Պրեմիեր Լիգան դատապարտել է «Արսենալի» երեք երկրպագուի

Պրեմիեր Լիգան միացել է Լոնդոնի «Արսենալի» հայտարարությանը, որը դատապարտում է իր երեք երկրպագուների պահվածքը, ովքեր Անգլիայի գավաթի վերջին հանդիպման ժամանակ «Լիվերպուլի» հետ (0:2) վիրավորական վանկարկումներ են հնչեցրել 1989 թվականին «Հիլսբորո» մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության մասին, երբ հանդիպման ընթացքում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով «Լիվերպուլի» 96 երկրպագու է մահացել։

«Մենք խստորեն դատապարտում ենք ֆուտբոլային ողբերգությունների հետ կապված չարաշահումները և լիովին աջակցում ենք «Արսենալին» և ոստիկանությանը այդ անձանց դեմ արագ քայլեր ձեռնարկելու հարցում։

Ողբերգություններին շոշափող վանկարկումներն անընդունելի են։ Մենք ակումբների, ՖԱ-ի և Անգլիայի ֆուտբոլի լիգայի հետ միասին պատրաստ ենք աշխատել այս խնդրի լուծման համար»,- ասվում է Պրեմիեր Լիգայի պաշտոնական X-հաշվում։

Հիշեցնենք, որ այս երկրպագուներն իրենց մեղավոր են ճանաչել վիրավորական վանկարկումների համար, որից հետո երեք տարով զրկվել են ֆուտբոլային միջոցառումներին մասնակցելուց։