Ֆրանսիայի առաջնությունը նոր մրցաշրջանից կկոչվի McDonald’s Ligue 1

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP) և McDonald’s-ը հայտարարել են համագործակցության մասին: 2024 թվականի հուլիսի 1-ից առաջնությունը կկոչվի McDonalds Ligue 1։ Այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրը կգործի հաջորդ երեք սեզոնների համար։

«Այս նոր համաձայնագրով LFP-ն շարունակում է Ligue 1 ապրանքանիշը զարգացնելու իր հավակնությունները: 1560 ռեստորաններից բաղկացած իր ազգային ցանցի միջոցով McDonald’s-ը թույլ կտա Լիգա 1-ին էլ ավելի մոտ լինել իր երկրպագուներին ամբողջ երկրում: Բացի այդ, իր տիտղոսային հովանավորի միջազգային հասանելիության շնորհիվ Լիգա 1-ը լրացուցիչ աճի խթաններ կստանա իր սահմաններից դուրս», – ասվում է հայտարարության մեջ:

Հանրային սննդի ոլորտում գործող ամերիկյան կորպորացիան տարեկան 20 միլիոն եվրո կվճարի Ֆրանսիայի առաջնության անվանման իրավունքների համար։ Մինչ այժմ առաջնության ներկայիս գործընկեր Uber-ը վճարել է 15 մլն եվրո։