«Նապոլին» Վիկտոր Օսիմհենին փոխարինող է գտել

«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը «Ֆեյենորդի» հարձակվող Սանտյագո Խիմենեսին տեսնում է որպես թիմի հարձակվող Վիկտոր Օսիմհենին փոխարինող, ով, ամենայն հավանականությամբ, առաջիկա ամառ կհեռանա նեապոլիտանական ակումբից։ Այս մասին հայտնում է AS-ը՝ հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նապոլին» ընդունել է այն փաստը, որ չի կարողանա նիգերիացի հարձակվողին պահել ակումբում և ընտրել է Խիմենեսին որպես նրա համար ամենահարմար փոխարինող։ Ընդգծվում է, որ «Նապոլին» պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 50 միլիոն եվրո, ինչով «Ֆեյենորդը» գնահատում է նրան։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Խիմենեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, որոնցում դարձել է 24 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 45 միլիոն եվրո: