ՊՍՎ-ի և Բելգիայի հավաքականի վինգեր Ժոան Բակայոկոն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնել է լրագրող Պատրիկ Բերգերը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են այնպիսի թոփ ակումբներ, ինչպիսիք են «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն և Դորտմունդի «Բորուսիան»: Այս թիմերի ներկայացուցիչներն իրենց առաջարկն են պատրաստում ՊՍՎ-ի ղեկավարության համար։ Նշվում է, որ Էյնդհովենի թիմի ղեկավարներն իրենց ֆուտբոլիստին գնահատում են 50-60 միլիոն եվրո:
Բակայոկոն ՊՍՎ-ի համակարգում է 2019 թվականից։ Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 միլիոն եվրո։