Յուրգեն Կլոպը թույլ է տվել իր ֆուտբոլիստին չպաշտպանվել «Սպարտայի» դեմ խաղում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այն մասին, թե ինչպես է թույլ տվել մերսիսայդցիների վինգեր Մոհամեդ Սալահին Պրահայի «Սպարտայի» հետ Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում (6:1) չաշխատել պաշտպանությունում։

«Այս խաղում ես առաջին անգամ թույլ տվեցի ֆուտբոլիստին չպաշտպանվել։ Ցանկանում էի, որ Սալահը հնարավորինս շատ գոլեր խփի։ Մոհամեդը շատ փորձառու ֆուտբոլիստ է։ Նա կարող էր ևս մեկ գոլ խփել «Սպարտայի» դեմ խաղում, սակայն Գակպոն խաղից դուրս վիճակում էր»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն:

Նշենք, որ Պրահայի «Սպարտայի» հետ խաղում Սալահը դարձել է մեկ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Այս մրցաշրջանում եգիպտացի վինգերը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 31 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 65 միլիոն եվրո։