Մարտին Էդեգոր. «Մենք կփորձենք հաղթել ցանկացած մրցակցի»

«Արսենալի» կիսապաշտպան և ավագ Մարտին Էդեգորը պատասխանել է այն հարցին, թե կա՞ն թիմեր, որոնցից կխուսափեր Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչում հանդիպելուց։

«Ճիշտն ասած, մենք չենք կարող այսպես մտածել։ Սա աշխարհի ամենամեծ մրցաշարն է, և ցանկացած թիմ, որը մեզ բաժին կհասնի, հիանալի կլինի: Մենք պարզապես կփորձենք հաղթել։ Մենք ցանկանում ենք լինել ամենամեծ տեղերում, խաղալ ամենամեծ հանդիպումներում, պայքարել ամենամեծ գավաթների համար։ Երբ ես եկա այստեղ, հավատում էի նախագծին, ակումբին, նրան, ինչ նրանք անում են, այն ամենին, ինչ տեղի է ունենում ակումբի շուրջ, և այժմ ամեն ինչ լավ է այստեղ»,- Էդեգորը խոսքերն է մեջբերում Goal-ը։

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում «Արսենալը» 11-մետրանոց հարվածաշարում հաղթեց «Պորտուին» և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։ «Զինագործները» 2009/10 մրցաշրջանից հետո առաջին անգամ են հասել Չեմպիոնների Լիգայի այս փուլ։ Լոնդոնյան թիմի մրցակիցը կորոշվի ավելի ուշ՝ վիճակահանության միջոցով։