Ժոաու Նևեշը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Անգլիա

«Բենֆիկայի» կենտրոնական կիսապաշտպան Ժոաու Նևեշը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր համասեփականատեր Սըր Ջիմ Ռեթքլիֆը մտադիր է 116 միլիոն եվրոյից մի փոքր ավելի տրանսֆերային գումար հատկացնել՝ երիտասարդ խաղացողի հետ պայմանագիր կնքելու մրցույթում հաղթելու համար։

Այս մրցաշրջանում Նևեշը 42 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը պորտուգալական թիմի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։ Պորտուգալիայի հավաքականի կազմում երեք խաղում կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրել է 11 րոպե եւ դեռ գոլ չի խփել։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 45 մլն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բենֆիկան» չի ցանկացել վաճառել Նևեշին վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ։