Ռաուլը կարող է աշխատանքի անցնել Գերմանիայում

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը կարող է գլխավորել «Բայերը», հայտնում է Sport Bild-ը։

Հիշեցնենք, որ Լևերկուզենի ներկայիս մարզիչ Խաբի Ալոնսոն այս մրցաշրջանի ավարտին, ամենայն հավանականությամբ, կգլխավորի եվրոպական թոփ-ակումբներից մեկը։ Ռաուլը ներկայումս գլխավորում է «Ռեալ Մադրիդ Կաստիլյա» թիմը։

Ըստ աղբյուրի՝ «Բայերի» ղեկավարությունը կազմել է Ալոնսոյին փոխարինելու համար ամենահարմար թեկնածուների կարճ ցուցակը։ Ցուցակը գլխավորել է Ռաուլը։ Միևնույն ժամանակ, ենթադրվում է, որ Խաբի Ալոնսոն կմնա ակումբում ևս մեկ մրցաշրջան, չնայած այնպիսի հսկաների հետաքրքրությանը, ինչպիսիք են «Բավարիան» և «Լիվերպուլը»։

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում այս պահին «Բայերը» է՝ 24 խաղում վաստակելով 64 միավոր։ Լևերկուզենները 10 միավորով գերազանցում են իրենց հետապնդողին՝ «Բավարիային»։