Sport․ Ռոբերտո Դե Զերբին կարող է գլխավորել «Լիվերպուլը»

«Լիվերպուլի» ղեկավարությունը ուշադիր հետևում է «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի աշխատանքին։ Նա համարվում է գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպին փոխարինելու գլխավոր թեկնածուներից մեկը, ով այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի մերսիսայդցիները։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի, «Լիվերպուլի» ղեկավարներն առաջին հերթին ցանկանում են պայմանագիր կնքել «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ, սակայն նրանք հասկանում են, որ մեծ հավանականությամբ նա կարող է գլխավորել «Բավարիան» կամ մնալ լևերկուզենյան ակումբում։ Այս դեպքում մերսիսայդցիները կփորձեն ձեռք բերել Դե Զերբիին:

Դե Զերբիի «Բրայթոնի» հետ պայմանավորվածության համաձայն՝ նրա փոխհատուցման չափը կազմում է 15 միլիոն եվրո, ինչպես նշում է աղբյուրը, «Լիվերպուլը» պատրաստ կլինի վճարել այդ գումարը։

Հիշեցնենք, որ 44-ամյա մասնագետը «Բրայթոնը» գլխավորում է 2022 թվականի աշնանից։ Այս մրցաշրջանում Անգլիայի առաջնության 26 տուրից հետո Դե Զերբիի սաները վաստակել են 39 միավոր և զբաղեցնում են յոթերորդ տեղը։