Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան հիասթափված է թիմում իր վիճակից, պնդում է The Athletic-ը։
Մադրիդցիները 29-ամյա իսպանացուն վարձակալել էին «Չելսիից» անցած ամառ, երբ վնասվածք ստացավ «Ռեալի» հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան։ Անցումային շրջանից անմիջապես հետո դարպասապահը կորցրեց տեղը մեկնարկային կազմում՝ այն զիջելով Անդրեյ Լունինին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կեպան դժգոհ է, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին չի բացատրել, թե ով է այժմ թիմի առաջին համարը։
Դարպասապահի վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։ Նա «Ռեալի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, բաց է թողել 18 գոլ և անառիկ է պահել 7 դարպասը։