Սիմոնե Ինձագի. «Մադրիդում դժվար կլինի, երբ լեփ-լեցուն մարզադաշտը աջակցի «Ատլետիկոյին»»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գնահատել է իր թիմի խաղը Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում (1:0)։

«Այս վեց ամիսներին մենք շատ լավ ենք հանդես եկել, բայց ամենակարևոր ամիսներն են մարտն ու ապրիլը։ Տղաները պետք է շարունակեն նույն ոգով։ Ինձ դուր է գալիս տեսնել, թե ինչպես են նրանք մարզվում, բայց մենք գիտենք, որ դժվարություններ են գալու՝ լարված հանդիպումներ, հոգնածություն։ Որոշ խաղացողներ վնասվածքներ կստանան։

Բայց մենք պետք է շարունակենք աշխատել այնպես, ինչպես հիմա ենք անում։ Մեր խաղը շատ լավն էր, քանի որ դիմակայեցինք մի թիմի, որը համատեղում է ֆիզիկան և տեխնիկան: Դա ամենևին էլ հեշտ չէր: Հիմա մեզ ևս մեկ բարդ խաղ է սպասվում Մադրիդում։

Ցավում ենք, քանի որ ավելի լավ բանի էինք արժանի: Մադրիդում դժվար կլինի, երբ լեփ-լեցուն մարզադաշտը պատրաստ կլինի աջակցել «Ատլետիկոյին», բայց դիմակայության երկրորդ խաղին մենք լավագույնս կպատրաստվենք առաջինը հաղթելուց հետո»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։