Եվրոպական մի քանի թոփ ակումբներ մտադիր են գնել Ադրիեն Ռաբյոյին

Եվրոպական մի քանի թոփ ակումբներ մտադիր են ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերել «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է լրագրող Էքրեմ Քոնուրը։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են այնպիսի թիմեր, ինչպիսիք են «Բավարիան», «Բարսելոնան», «Ինտերը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Նյուքասլը»: Այս ակումբների ներկայացուցիչները շուտով կկապվեն ֆրանսիացի խաղացողի գործակալների հետ՝ քննարկելու պայմանագրի կետերը։

Ռաբյոն «Յուվենտուսում» է հանդես գալիս 2019 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը թուրինյան թիմի կազմում անցկացրել է 21 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 միլիոն եվրո։