Մեհդի Տարեմին առաջիկա ամռանը կտեղափոխվի իտալական գրանդ

«Պորտուի» և Իրանի հավաքականի հարձակվող Մեհդի Տարեմին առաջիկա ամռանը կտեղափոխվի «Ինտեր» ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի տեղեկություններով՝ 31-ամյա ֆուտբոլիստը շուտով բուժզննում կանցնի, որից հետո պայմանագիր կկնքի ներաձուրիների հետ։ Հարձակվողի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ուժի մեջ կլինի մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը՝ ներառյալ մինչև 2027 թվականի հունիսը երկարաձգելու տարբերակը։

Տարեմին «Պորտուի» կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը «վիշապների» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։