Դեկու․ «Նրանց ապագան կախված կլինի մեր հնարավորություններից»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն թարմացրել է կատալոնական թիմում պորտուգալացի ֆուտբոլիստներ Ժոաու Ֆելիշի և Ժոաու Կանսելուի ապագայի մասին լուրերը։

«Ժոաու Ֆելիշը համաձայնել է աշխատավարձի կրճատմանը, որպեսզի մենք կարողանանք պահպանել Ֆինանսական արդար խաղի կանոնները: Հարձակվողն այս մրցաշրջանում մի շարք հանդիպումներում մեզ օգնել է հարձակողական որոշումների հարցում:

Կանսելուն հավասարակշռություն բերեց թիմին։ Մեզ այս դիրքում խաղացող էր պետք։ Անցյալ տարի մեզ հաստատ այս պրոֆիլի խաղացող պակասում էր։ Կանսելուի ապագան ակումբում, ինչպես Ֆելիշի ապագան, կախված կլինի ամռանը մեր հնարավորություններից»,- Դեկուի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Ֆելիշը «Բարսելոնայում» հանդես է գալիս անցած ամառվանից՝ թիմում մեկ տարի վարձավճարով Մադրիդի «Ատլետիկոյից»։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում 28 հանդիպում է անցկացրել կատալոնական ակումբի կազմում, որոնցում դարձել է յոթ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։