Մոհամեդ Սալահի տրանսֆերը կարող է համաշխարհային ռեկորդ սահմանել

Եգիպտացի «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ անգլիական ակումբից։

Ինչպես հայտնում է The Athletic-ը, ֆուտբոլիստով շարունակում է հետաքրքրվել «Ալ-Իթթիհադը»: Սաուդյան ակումբը պատրաստ էր 200 միլիոն ֆունտ (մոտ 234 միլիոն եվրո) վճարել Սալահի համար անցած ամառ և այժմ շարունակում է հետաքրքրվել եգիպտացու ծառայություններով: Այսպիսով, «Լիվերպուլի» կողմից Սալահի վաճառքը կարող է համաշխարհային նոր ռեկորդ սահմանել։ Ներկայումս ամենաթանկը Նեյմարի տրանսֆերն է «Բարսելոնայից» ՊՍԺ (222 միլիոն եվրո):

Հիշեցնենք, որ եգիպտացի ֆուտբոլիստը «Լիվերպուլ» է տեղափոխվել «Ռոմայից» 2017 թվականին։ Ընթացիկ մրցաշրջանում Մոհամեդ Սալահը անգլիական թիմի կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 18 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ 31-ամյա խաղացողի շուկայական արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 65 միլիոն եվրո: