Խուլիան Ալվարեսը բարձրացել է տրիբունա՝ ողջունելու «Բրենտֆորդի» երիտասարդ երկրպագուին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի՝ «Բրենտֆորդի» հետ հանդիպումից հետո (3:1) բարձրացել է տրիբունաներից մեկը՝ ողջունելու «Բրենտֆորդի» երիտասարդ երկրպագուին։

«Սիթիի» հարձակվողը տրիբունաներում նկատել է Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով մի տղայի, որից հետո մոտեցել է նրան ու գրկել երիտասարդ երկրպագուին՝ տալով իր մարզաշապիկը։ Նաև «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը չի հրաժարվել երիտասարդ երկրպագուի հետ համատեղ լուսանկարից։

Ալվարեսը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականի ամառից։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում «քաղաքայինների» կազմում անցկացրել է 33 հանդիպում, որոնցում դարձել է 15 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 90 մլն եվրո։