«Ինտերը» և «Յուվենտուսը» տուգանվել են 10 հազար եվրոյով

Միլանի «Ինտերը» և Թուրինի «Յուվենտուսը» տուգանվել են 10 հազար եվրոյով՝ Իտալիայի Ա Սերիայի 23-րդ տուրի հանդիպման ժամանակ (1:0) թիմերի երկրպագուների միջև տեղի ունեցած բախման համար։ Այս մասին հայտնում է Forza Juventus աքաունթը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ջուզեպպե Մեացցա» մարզադաշտի մոտ խաղից հետո միլանցի երկրպագուները հարձակվել են ոստիկանների վրա՝ կիրառելով փոքր հեռահարության ինքնաշեն պայթուցիկ սարքեր (թղթի մեջ փաթաթված վառոդ), ինչի հետևանքով վնասվել է ոստիկանական մեքենաներից մեկը։ Երկրպագուները ճայթրուկներ են նետել նաև «Յուվենտուսի» երկրպագուներին տեղափոխող ավտոբուսի տակ։ Արդյունքում իտալական ոստիկանությունը բերման է ենթարկել Ինտերի մոտ 50 երկրպագու։

Ներկայումս Ա Սերիայի 22 խաղից հետո Ինտերը 57 միավորով առաջին տեղում է։ «Յուվենտուսը» 23 խաղից հետո 53 միավորով երկրորդ տեղում է։