ՊՍԺ-ն արդեն սկսել է հավանական թեկնածուների որոնումները՝ փոխարինելու թիմի հարձակվող Կիլիան Մբապպեին, ով կապված է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հետ։ Այս մասին հայտնում է Get French Football News-ը։
Աղբյուրի համաձայն, փարիզյան ակումբը առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուին։ Փարիզցի մարզական տնօրեն Լուի Կամպոսն արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկել՝ փորձելով ձեռք բերել նրան ամռանը։ Նշվում է, որ ՊՍԺ-ն Լեաուի միակ հավակնորդը չէ։ «Նյուքասլը» նույնպես հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով։
ՊՍԺ-ն ցանկանում է նաև ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, ով կարող է երկարաժամկետ թիրախ դառնալ ակումբի համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն տեղեկացրել էր մարզչական շտաբին, որ Մբապպեն թիմին կմիանա առաջիկա ամռանը։
Այս մրցաշրջանում Մբապպեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 29 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։