Կոկեն խոսել է իր ապագայի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» ավագ Կոկեն Լա լիգայի 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալի» հետ դերբիից առաջ պատասխանել է Դիեգո Սիմեոնեի թիմում իր ապագայի վերաբերյալ հարցին։

«Այս մրցաշրջանը կարո՞ղ է լինել իմ վերջինը այստեղ․ Չգիտեմ։ Դա լավ հարց է: Բայց հիմա մտածում եմ միայն «Ռեալի» հետ առաջիկա խաղի մասին։ Մենք կքննարկենք պայմանագիրս երկարաձգելու հարցը, երբ ժամանակը գա»,- Կոկեի խոսքերն է մեջբերում Movistar-ը։

Նշենք, որ իսպանացի կիսապաշտպանը դեռ չի պայմանավորվել ակումբի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին։

32-ամյա ֆուտբոլիստն իր ողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել «Ատլետիկոյում»: Կոկեն ավելի քան 600 հանդիպում է անցկացրել մադրիդյան կազմում բոլոր մրցաշարերում՝ սկսած 2009 թվականի առաջին թիմում իր նորամուտից։