Սեսկ Ֆաբրեգաս. «Նա երիտասարդ է, բայց լավն այն է, որ շատ հստակ պատկերացումներ ունի»

Իտալական «Կոմոյի» մարզչի օգնական Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հնարավոր նշանակումը անգլիական «Լիվերպուլում»։

«Խաբի Ալոնսոն շատ խելացի տղա է։ Հանրությունը սիրում է նրան, և ես կարծում եմ, որ նա լավ մարզիչ է։ Նա լավ գաղափարներ ունի։ Ես նրան տեսել եմ, երբ նա «Ռեալ Սոսյեդադ Բ»-ի մարզիչն էր, իսկ այժմ՝ Լևերկուզենի «Բայերում»։ Նա կարողանում է հարմարվել իրավիճակին և իր ունեցած տարբեր տիպի խաղացողներին և ունի ճիշտ վերաբերմունք։

Նա երիտասարդ է, բայց լավն այն է, որ շատ հստակ պատկերացումներ ունի։ Նա խելացի, կայուն տղա է և ունի ճիշտ բնավորություն։ Այնպես որ, դա մեծ մարտահրավեր է, բայց ես վստահ եմ, որ նա կարող է դա անել», – Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»: Իր հայտարարության մեջ գերմանացի մասնագետը հասկացնել է տվել, որ այլեւս էներգիա չունի թիմը մարզելու համար։