Լուկա Մոդրիչը ցանկանում է հեռանալ «Ռեալից»

Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր չէ երկարաձգել մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ ամառ, հայտնում է El Larguero-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականի օգոստոսից։ Հեղինակավոր Transfermarkt ինտերնետային պորտալը Լուկայի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 38-ամյա կիսապաշտպանը Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 16 հանդիպում, դարձել մեկ գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։ Լա Լիգայի 21-րդ տուրից հետո «Ռեալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը՝ մեկ խաղ պակասով զիջելով առաջատար «Ժիրոնային»։